ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Տեղեկատվական բոչկաներին» պետք է մոտենալ ըմբռնումով և ոչ մեծ հուզականությամբ

«Տեղեկատվական բոչկաներին» պետք է մոտենալ  ըմբռնումով և ոչ մեծ հուզականությամբ
11.01.2013 | 00:35

Հայաստանի քաղաքական դաշտում հաստատված ավանդույթներից մեկն արտաքին գործոնի շահարկումն ու սեփական նպատակներին ծառայեցնելն է: Բավական է միայն հիշել Լևոն Տեր-Պետրոսյանի 5 տարի առաջ ձևավորած «համաժողովրդական շարժումը», երբ ՀՀՇ ղեկավարները փորձում էին ոչ միայն լայն հասարակական աջակցության պատրանք ստեղծել, այլև լրջագույն աշխատանք էին տանում հիմնականում արևմտյան գործոնի` ԵՄ և ԱՄՆ աջակցությունը շահարկելու և դրանով իսկ ընտրազանգվածը մեծացնելու և ոգևորելու ուղղությամբ: 2008-ի նախագահական ընտրությունների գործընթացին հետևողները նկատած կլինեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, շահարկելով արևմտյան գործոնը, միևնույն ժամանակ փորձում էր «խաղի մեջ մտցնել» նաև ռուսական գործոնը` անհայտ պատճառներով մեկնելով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա և Երևանում բամբասանքի մակարդակի տեղեկատվություն տարածելով, թե հանդիպումներ է ունեցել Վլադիմիր Պուտինի, Դմիտրի Մեդվեդևի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Խնդիրն այն է, որ հայ հասարակությունը, իրոք, զգալի դեր է տալիս հայաստանյան քաղաքական գործընթացի մասնակիցների արտասահմանյան հարաբերություններին և կողմնորոշումներին: Այդ է պատճառը, որ քաղաքական գործընթացի մասնակիցները փորձում են հասարակությանը ներկայանալ նաև իրենց արտասահմանյան կապերով: Որոշ քաղաքական ուժեր անգամ այն աստիճանի են լարել իրավիճակը, որ փորձում են Հայաստանում ընթացող ընտրական գործընթացները պայմանավորել ՌԴ-Արևմուտք մրցակցությամբ` խնդիր ունենալով հասարակությանը ներկայանալու այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հովանավորյալի դերում: Օրինակ` 2012-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ամբողջ քաղաքական ռազմավարությունը կառուցված էր ԱՄՆ-ի դեսպանատան հետ կուսակցության ղեկավարության ունեցած սերտ հարաբերությունների մասին լուրերի տարածման ու Հայաստանում թիվ մեկ ամերիկամետ ուժի համբավի ձեռքբերման հիմքի վրա: Ժամանակին նման վարքագիծ էր դրսևորում նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը` գերակա նպատակ ունենալով եվրոպական ուղղությունը:
Պետք է նշել, որ ՀՀՇ վերջին համագումարում ունեցած իր ելույթում քաղաքականության բնագավառում արտաքին գործոնի շահարկման խնդրին, թերևս, ամենալուրջ գնահատականը տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը` նշելով, թե ոչ մի արտաքին գործոն չի կարող որոշիչ լինել, եթե քաղաքական ուժը չունի իր ներքին հենարանը: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից քավության նման մի բան էր, քանզի հրապարակայնորեն հայտարարվում է, որ ՀԱԿ-ը սխալ ուղիով է գնացել: Չմոռանանք, որ արտաքին գործոնի չարչրկման հիմնական գաղափարախոսներից մեկը հենց Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն էր, որ 2007-2010-ին փորձում էր հասարակությանը համոզել, թե ՀԱԿ-ի իշխանության գալը ժամանակի հարց է և պայմանավորված է լինելու աշխարհաքաղաքական կենտրոնների փոխադարձ համաձայնությամբ: Ինչևէ, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դժվար է չհամաձայնել, երբ նա ասում է, թե Հայաստանի համար ամենավտանգավորը հակաամերիկացի կամ հակառուս լինելն է:
Ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության այնպիսի տեսլականի մասին, որը հաջողությամբ իրականացնում է Սերժ Սարսգսյանը սկսած 2008-ից: Զարգացնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները` նախագահ Սարգսյանը, միևնույն ժամանակ, ակնհայտ առաջընթաց է ապահովել նաև ԵՄ անդամ երկրների և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Եվ, իրոք, Հայաստանի նման պետության համար չափազանց վտանգավոր են «բլոկային քաղաքականությանը» միանալն ու այս կամ այն աշխարհաքաղաքական ճամբարի կազմում մյուսի դեմ ոչ բարեկամական գործողությունների ծավալումը: Փաստացիորեն, Լևոն Տեր-Պետրոսյանը, մեծ քաղաքականությունից հեռանալուց առաջ, խոսելով միայն արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին, դրական գնահատական տվեց իշխանության վարած քաղաքական գծին և հեռացավ:
Մինչդեռ, հարց է ծագում. ո՞վ, ովքե՞ր և ինչո՞ւ են շրջանառության մեջ դրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հակառուս լինելու մասին «տեղեկությունը»: Ըստ էության, պարզ է, որ այս տեղեկատվական հնարքի միակ «տրամաբանական հիմքն» այն է, թե վարչապետ Սարգսյանն ընկալվում ու բառի բուն իմաստով լուրջ է ընդունվում արևմտյան շրջանակների կողմից` հարաբերությունների զարգացումը կառուցելով արժեքների և արդյունավետ համագործակցության սկզբունքային մոտեցումներով: Միևնույն ժամանակ, «մոռացության է մատնվում» այն փաստը, որ Տիգրան Սարգսյանին վարչապետ է նշանակել նախագահ Սերժ Սարգսյանը, ով, համաձայն ՀՀ Սահմանադրության, արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն է: Ի դեպ, վարչապետ Սարգսյանի հակառուսականության մասին տեղեկատվության պտտողներն ու պատվիրատուները «անտեսում են» այն պարզ իրողությունը, որ վարչապետ Սարգսյանի քաղաքականությունը չի կարող համաձայնեցված չլինել Սերժ Սարգսյանի հետ: «Մոռացության է մատնվում» նաև այն փաստը, որ Տիգրան Սարգսյանը բարձր մակարդակի ընդունելության է արժանանում նաև Մոսկվայում:
Ռուսաստանյան քաղաքականության բարձրագույն լիգայի մի շարք ներկայացուցիչներ Տիգրան Սարգսյանի ուսանողական տարիների ընկերներն են: Բացի դրանից, Հայաստանի վարչապետը, լինելով տնտեսության համակարգման պատասխանատուն, չի կարող լինել հակառուս այն պարզ պատճառով, որ ռուսական կապիտալը մեր երկրում լրջագույն դերակատարություն ունի, և դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ Հայաստանի «հակառուս իշխանությունները» համագործակցում են ռուսական կապիտալի ներկայացուցիչների հետ և քննարկում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ինչևէ, խնդիրն այն է, որ մեր երկրի հասարակական-քաղաքական միտքը պարտավոր է ընդունել, որ Հայաստանի իշխանությունը, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է կանգնած իշխանության գլուխ, պարտավոր է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն` սկզբունքային նպատակ ունենալով պաշտպանելու Հայաստանի շահը:
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա նրա գործունեության արտաքին հարաբերությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի վարչապետը ՌԴ, ԵՄ և ԱՄՆ քաղաքական և տնտեսական շրջանակների հետ հարաբերությունների զարգացման խնդիրը դիտարկում է արժեքային համակարգի և նորարարական մոտեցումների լույսի ներքո` գործընթացը վարելով հավասարակշռվածության և փոխլրացման սկզբունքների համադրությամբ: Թերևս, սա է պատճառը, որ Տիգրան Սարգսյանը հավասարապես ընդունելի գործիչ է Մոսկվայում, Բրյուսելում և Վաշինգտոնում: Ինչ վերաբերում է «հակառուսականությանը», ապա պարզից էլ պարզ է, որ այդ պիտակավորումը տալիս են նախագահ և վարչապետ Սարգսյանների հակառակորդները: Վարչապետի պաշտոնը Հայաստանում, փաստացիորեն, երկրորդ պաշտոնն է, ուստի և վարչապետ կարգվել ցանկացողներն էլ շատ են: Այնպես որ, «տեղեկատվական բոչկաներին» պետք է մոտենալ ըմբռնումով և ոչ մեծ հուզականությամբ:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2320

Մեկնաբանություններ